Մտորումների օրագիր бесплатное чтение

Скачать книгу

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Ի ՕՐԱԳԻՐ

Ի՞նչ եմ փնտրում… Ես իմ ճակատագրի կծիկն  եմ փնտրում՝ կյանքիս ուղին վրան փաթաթած, ուղուս ծայրն եմ փնտրում, որպեսզի բռնեմ նրանից: Եվ երբ այդ հեքիաթային կծիկն առաջ վազի, ես էլ իմ ուղու թելից բռնած քայլեմ, վազեմ նրա հետևից:

Իսկ եթե չգտնե՞մ: Միևնույն է, պիտի քայլեմ, կանգնած մնալ չեմ կարող: Պիտի  քայլեմ առաջ, ուղիղ ճանապարհով դեպի արևը, դեպի լույսը:  Բայց, քանի որ պտտվում է երկիրը, պտտվում է արեգակը, ճանապարհս ուղիղ լինել չի կարող` կլինի կոր, ոլորապտույտ… Շատ բարդ է մեր կյանքի ճանապարհը…

Մենք, մեր կոր ու ոլորապտույտ ճանապարհներով ճամփորդության ենք դուրս եկել տիեզերքում  և միակ ուղիղ ուղին, որ տանում է մեզ դեպի լույսը` դա մեր հավատքի ուղին է…

05.2014 թ.

Իշխանությունն ու ընդդիմությունը նման են մագնիսի տարբեր բևեռներին, որոնց կպչում են միայն մարդու սև, ժանգոտվող տեսակներն ու նրանց խառնուրդ-ները, մարդու ազնիվ տեսակը նրանց երբեք չի կպչում:

12.01.2014 թ.

Աշխարհում ոչ մի ազգ այնքան իր ճարպիկ տխմարներով աչքի չի ընկել, որքան հայերը:

12.10.2014 թ.

Նախկինում որ մի հիմար ձորը քար էր գլորում, հավաքվում էին խելոքներն ու մտածում, թե ոնց հանեն։ Իսկ հիմա խելոքները միայն քարի հետևից վազում են:

3.10. 2013 թ.

Հեքիաթներում մի հրեշ էր ու մի դղյակ, իսկ հիմա հրեշներն ու դղյակներն այնքա՜ն են շատացել, ու սա արդեն հեքիաթ չէ…

7.10.2014 թ.

Հայի հազարամյակների գոյատևման գաղտնիքը մեր լեռների մեջ է: Կտրվելով իր լեռնաշխարհից, հայը դատապարտվում է վերացման:

2.10.2014 թ.

Տհաճություններն ու անախորժությունները նման են կեղտ սիրող ճանճերի, որպեսզի նրանք քեզ չկպչեն ու չնստեն վրադ, ինքդ մաքուր եղիր ու միշտ հեռու մնա ամեն տեսակի կեղտերից:

16.09.2014 թ.

Ծուռ հիմքի վրա քար դնողը հետագա վթարի ու դժբախտության մասնակից է:

15.09.2014 թ.

Եթե մարդ ապրել է մի ողջ կյանք, բայց պատմելու ոչինչ չունի իր կյանքից, ուրեմն նա դեռ չի ապրել և ոչինչ չունի կորցնելու:

15.09.2014 թ.

Չի կարելի մարդկանց տալ այն, ինչ պատրաստ չեն դեռ ընդունելու, գիտակցելու, մարսելու, որովհետև դրանից վնասն ավելի շատ է, քան օգուտը:

6.09.2014 թ.

Յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության մակար-դակը որոշվում է նրա ստեղծած պետականության որակով:

24.08.2014 թ.

Ցուցամոլությունը անհաջողությունների սկիզբն է:

15.06.2014 թ.

Կյանքի ամենից լավ ուսուցիչները սրիկաներն են, որոնց տված դասերը երբեք չեն մոռացվում:

9.06.2014 թ.

Խոհարար կա, որ աշխարհի ամենից ընտիր մթերքներից անգամ պատրաստածը ուտելու բան չի: Խոհարար էլ կա՝ ձեռի տակ ընկած խեղճ ու կրակ մթերքներից մի այնպիսի ուտելիք կպատրաստի, որ համն ու հոտը դեռ շատ երկար կմնա բերանումդ: Նույնն է նաև արվեստում:

30.04.2014 թ.

Եթե գազարը օգտակար լիներ աչքերի համար, նապաստակները շլդիկ չէին լինի… (գազարի գովազդ):

17.10.2014 թ.

Ասում են՝ ծովային նախանիշ կա, երբ ճայերը թռչում են հետույքով առաջ, ուրեմն քամին շատ ուժեղ է։ Դրանից կարելի է ենթադրել, որ հայկական քաղաքական դաշտում քսան տարուց ավել փոթորիկ է:

10.09.2014 թ.

Աշխարհում ամենից թանկ բանը մարդու կյանքն է, իսկ ամենից էժանը՝ նրա անիմաստ շռայլումը:

4.10.2014 թ.

Նախկինում, որ ասում էիր թեզ եմ պաշտպանել, հարցնում էին` ի՞նչ թեմայով, իսկ հիմա հարցնում են` քանիսո՞վ:

2.10.2014 թ.

Անտարբեր լռությունը դավաճանության զազրելի տեսակ է:

29.09.2014 թ.

Երբեմն դավադիր լռությունը մեզ ավելի շատ բան է հուշում:

21.09.2014 թ.

Եթե ուզում ես ազատվել կեղծ ընկերներից, բոլորին ասա, որ «գործերդ լավ չեն»…

27.08.2014 թ.

Մարդու հավատքի խորությունը չափվում է նրա բարի գործերի վեհությամբ:

25.08.2014 թ.

Երբ ամեն մի հայ դադարի վախենալ սովից, ցավից, բանտից, մահից ու հարազատների կորստից` մեր բոլոր թշնամիները կդողան մեր ոտքերի տակ:

20.07.2014 թ.

Երբ բացում ենք մեր տան պատուհանները՝ քամին կարող է փոշի ու կեղտ ներս թափել, նույնը պատահում է նաև մարդու հոգու հետ:

10.07.2014 թ.

Երբեմն իր հաջողություններից ու վերելքից մարդ ավելի քիչ է փչանում, քան իր շրջապատի մարդիկ նախանձությունից:

7.07.2014 թ.

Խռովելը՝ ոգու տկարության ու սիրո պակասի արտացոլանք է: Միայն ուժեղ ոգով մարդն է ընդունակ սիրելու և ներելու:

6.07.2014 թ.

Ինչ մեզ պետք է՝ կա մեր ներսում, հարկավոր է միայն փնտրել ու գտնել:

5.07.2014 թ.

Եթե մարդ կախված է իր շրջապատից՝ նրանից մաքուր լինել չի կարող:

14.06.2014 թ.

Ինքնասիրություն չունեցողն ընդունակ չի հարգելու կամ լինելու հարգված, նա միայն կարող է վախեցնել կամ էլ լինել վախեցած:

13.06.2014 թ.

Որ այսպես շարունակվեց, Հայկական պետա-կանությունը աչքիս Թումանյանի «Գաբո բիձու շերամապահությունն» է դառնալու:

6.06.2014 թ.

Հայը մի տուն ունի միայն, դա Հայաստանն է, մնացած երկրները հյուրանոցներ են, նույնիսկ եթե անգամ հինգ աստղանոց են:

30.05.2014 թ.

Անկախությունը Հովհաննես Շիրազի հայտնի պոեմի հերոսուհի Խջեզարեի պես եկավ, տեսավ Հայաստան յարը Սիամանթոյի պես քնած, թողեց ու խռով հեռացավ: Ախր ի՞նչ իմանար անգութը, որ քնի ժամանակ իրեն էր երազում:

28.05.2014 թ.

Չգիտեմ, կա՞ն արդյոք աշխարհում երկու անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի, ռուս, թուրք կամ ինչ որ այլ ազգի ներկայացուցիչներ, որոնք իրար հետ խոսում կամ նամակագրություններ են անում հայերեն լեզվով, բայց գիտեմ որ կան միլիոնավոր հայեր, որոնք իրար հետ շփվում են այդ լեզուներով: Ահա թե ինչն է ինձ մտահոգում:

25.05.2014 թ.

Հայաստանի ժողովուրդը արտագաղթի մի նոր ուղի էլ է գտել՝ դեպի Ֆեյսբուք, որտեղից վերադառնալն ավելի դժվար է, քան պանդխտությունից:

23.05.2014 թ.

Պաշտոն ստանալու համար անարժան թեկնածուն ավելի ձեռնտու է քան արժանավորը, քանի որ անարժանը՝

պաշտոնին արժանի դառնալու համար ավելի բարձր գին է մուծում, քան արժանավորը:

2.04.2014 թ.

Մեր խոսքերը մեր զտված մտքերն են, գործերը՝ զտված խոսքերը կամ մտքերը: Երբեմն, նայելով ոմանց բռնած գործերին կամ ասած խոսքերին, ակամա մտածում ես. «Աստված ի՛մ, բա տեսնես սրանց գլխում ինչե՞ր են է՜ կատարվում»:

17.03.2014 թ.

Զորի Գայկովիչն ասում էր. «Աստված էլ է ղարաբաղցի»:

Ասա՝ տնաշե՛ն, որ այդքանը գիտես, նամակդ էլ միանգամից իրեն գրեիր էլի, թե՞ կասկածում էիր Տիրոջ համբերության վրա:

12.03.2014 թ.

Ըստ միջնադարյան գերմանական լեգենդի՝ սրնգահար մարդն իր նվագով ազատեց Համելն քաղաքը առնետներից, նրանց տանելով կործանման:

Ժամանակները փոխվել են, հիմա առնետների նվագի տակ մարդկությունն է պարելով գնում կործանման:

11.03.2014 թ.

Աղվեսի դունչը հասուն խաղողին չհասավ, ասաց. «ԳՄՕ է»:

26.02.2014 թ.

Ամեն հայ չի կանա կարդա` իմ գիրն մեսրոպատառ է:

22.02.2014 թ.

Հազարավոր թերություններ կարող ենք փնտրել մարդու մեջ, որպեսզի ատենք նրան, բայց մի արժեքի առկայությունն էլ բավական է, որպեսզի սիրենք:

Պատճառը նրա մեջ չէ, այլ մեր:

18.02.2014 թ.

Մի՛ բռնաբարեք Հայոց լեզուն լատինատառերով:

17.02.2014 թ.

Մաթեմատիկայի լեզվով: Մարդը մի բաղադրյալ է, որի բաղադրիչներից մեկը իր բոլոր դրական և բացասական հատկությունների գումարն է, մյուս բաղադրիչը՝ լրջության համեմատականը, որը գտնվում է զրոից մեկ սահմանում:

21.01.2014 թ.

Աշխարհում ամենից ծանր բանը Աստծո քար լռությունն է։

20.01.2014 թ.

Ինչքան համացանցը նպաստում է մարդկանց միջև տարածքային մոտեցմանը, այնքան մարդիկ իրարից հոգեպես ավելի են հեռանում:

19.01.2014 թ.

Կարևորն այն չէ, թե ինչ են ասում, այլ այն, թե ինչ նկատի ունեն:

Կարևոր այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ոնց են ձեզ ըմբռնում:

12.01.2014 թ.

Հայի առաջին թշնամին հենց ինքն է, իր ծուռ մտածելակերպով։

7.06.2014 թ.

Ոչ եղբայր ու որդով, ոչ աներ ու փեսով, ոչ խնամի ու քավորով և ոչ էլ ընկեր ու բարեկամով են երկիր ղեկավարում: Երկիր ղեկավարում են օրենքով միայն, որը պարտադիր է բոլորի, ինչպես և վերոհիշյալների համար:

4.06.2014 թ.

Ինչքան էլ թաքցվի փառասիրությունն ու իշխանասիրությունը հայրենասիրության տակ, վաղ թե ուշ նրանք իրենց գլուխներն ավելի վեր են ցցելու:

4.06.2014 թ.

Պաշտոնական աթոռներին հետույքների տեղերը փոխելուց հետևանքը մնում է նույնը: (Հետևություն տարրական մաթեմատիկայից):

8.11.2014 թ.

Համաճարակներից վատթարագույնը՝ հիասթա-ության համաճարակն է:

19.11.2014 թ.

Հույսներդ դրեք ձեր ուժերի վրա և հաջողությունը կուղեկցի ձեզ:

22.11.2014 թ.

Որ կռիվը թալանով է ավարտում՝ ամենքը գիտեն, բայց թե երբ թալանը կավարտվի՝ ոչ ոք չգիտե:

28.11.2014 թ.

Շախմատում խաղազինվորը կարող է թագուհի դառնալ, բայց կյանքում հոգով ստրուկը երբեք արքա չի դառնա։ Արքայի կաղապարում խամաճիկ կարող է…

9.12.2014 թ.

Մարդիկ որքան մոտ են կերամանին, այնքան ավելի «լավատես» են:

13.12.2014 թ.

Մարդկության ողջ պատմությունը վկայում է առ այն, որ շատ հաճախ երկրները, պետությունները, ազգերն ու ժողովուրդները կործանվել են մի քանի ցինիկ սրիկաների փառամոլության և բացարձակ իշխանության հասնելու կրքոտ ձգտումների պատճառով:

14.12.2014 թ.

Կա մարդկանց մի տեսակ որոնց երբեք չարժե օգնել, ոչ մի հանգամանքներում: Եթե օգնես, նեղն ընկնելու դեպքում, նրանք առաջինն են քեզ ոտնատակ տալու:

5.12.2014 թ.

Նախկինում ընկերներս ու բարեկամներս այնքան շատ էին, որ նույնիսկ իմ տանը չէին տեղավորվում: Հիմա բազմիցս շատ են ու բոլորը տեղավորվում են մի փոքրիկ տուփի մեջ, որը կոչվում է համակարգիչ: Ահա թե որն է

Համացանցի և հանրային ցանցերի առավելությունը: Բայց նա էլ չի փոխարինի մեր սրտի տարողությանը:

9.12.2015 թ.

Ասում են. «Լավ աքլորը չաղ չի լինում»: Նույնը կարելի է ասել նաև սպայի մասին:

17.01.2015 թ.

Երբ մայրդ ծեր է ու հիվանդ, մի՛ նեղացիր, որ էլ չի կարող արդեն հոգ տանել քո մասին: Նա իր ողջ կյանքն է տվել, որ դու լինես երջանիկ և ուժեղ: Հիմա քո հերթն է՝ օգնել հարազատ մորդ: Նույնը կարելի է ասել նաև Հայրենիքի մասին: Մի՛ նեղացեք ձեր Հայրենիքից: Այսօր, նա էլ ձեր օգնության կարիքը ունի:

27.01.2015 թ.

Ցանկացած վնասակար դեպքերից կարելի է օգտակար դասեր քաղել…

5.02.2015 թ.

Հայը օտարության մեջ անընդհատ հետ է նայում, դեպի իր անցյալը, դեպի Հայրենիքը` դրա համար էլ այնտեղ նա ապագա չունի:

8.02.2015 թ.

Իրականում, հիմա հիմարների թիվը չի մեծացել այլ մեծացել են նրանց տեսնելու հնարավորությունները:

10.02.2015 թ.

Եթե ոհմակի առաջնորդը թույլ է և վախկոտ, վաղ թե ուշ ոհմակը հոշոտելու է նրան ու ավելի ուժեղ առաջնորդ է առաջ քաշելու: Իսկ եթե ոհմակը ավելի թույլ է, դեռ շատ երկար ժամանակ քաղցած ու անուժ քարշ է գալու այդ առաջնորդի հետևից:

15.02.2015 թ.

Եթե ձեզ ասում են ամենից շահավետ բիզնեսը թմրանյութերը, զենքն ու ոսկին է, մի հավատացեք:

Ամենից շահավետ բիզնեսը հիմա հայրենիքը վաճառելն է…

27.02.2015 թ.

Ասում են. «Էշը իր սատկելն է ուզում, որ տիրոջ համար վատ լինի»: Երբեմն ինձ թվում է թե մեր ժողովուրդն էլ է վաղուց համակերպվել այդ մտքին:

13.03.2015 թ.

Հայաստանում կուսակցությունները նման են սնկերի, ոչ միայն նրանով որ արագ են բազմանում, այլև օժտված են նաև վնասակար մարդկանց տեսակը իրենց մեջ ներծծելու հատկությամբ, ինչպես տոքսիններն ու ռադիոակտիվ նյութերը:

21.03.2015 թ.

Եթե անգամ ողջ աշխարհն է քո դեմ թշնամացել` դեռ կարող ես դիմադրել։ Բայց երբ ինքդ ես թշնամացել քեզ հետ` վիճակդ անհուսալի է։

23.03.2015 թ.

Համոզված եմ, եթե Աբրահամը հայ լիներ, իր որդու Իսահակի տեղ ինքը կպառկեր խարույկին:

4.04.2015 թ.

Պետությունը ոչ միայն հարստանալու միջոց է իշխանավորների համար այլև ժողովրդին ստրկացնելու գործիք:

7.04.2015 թ.

Մինչ այգեպանը մեծ հոգատարությամբ ու համբե-րությամբ սպասում էր իր առաջին նորատունկ ու դալար խնձորենու վրա աճող միակ խնձորի հասունացմանը, որդը ներսից կերավ այն…

9.04.2015 թ.

Եթե հնարավոր չի բարձրացնել պետության մակարդակը, որպեսզի սեփական ժողովուրդը սիրի իրեն, հարկավոր է իջեցնել ժողովրդի կրթության և գիտության մակարդակը պետության մակարդակին…

25.04.2015 թ.

Ոչինչ այնքան չի ջղայնացնում կամ ձանձրացնում ինձ, որքան զրուցակիցներիս մտքերի անտրամա-բանական շարադրանքը:

29.04.2015 թ.

Ժամանակակից մարդը, եթե կույր չէ, խուլ ու համր, դժվար թե ունենա առողջ նյարդային համակարգ ու հանգիստ հոգեվիճակ:

29.04.2015 թ.

Եթե մարդը կամ մի ողջ ժողովուրդ համակերպվում է իր ունեցած թշվառ կյանքին ու ոչ մի ճիգ չի գործում բարելավելու համար, ուրեմն արժանի է այդ կյանքին:

30.04.2015 թ.

Կան մարդիկ, որոնք «անկեղծ» են, երբ լռում են միայն: Բայց, ցավոք, նրանց համար լռելը ավելի դժվար է քան անկեղծ լինելը:

1.05.2015 թ.

Ողջ կյանքս ապրելով որպես օրինապահ ու օրինա-սեր քաղաքացի, հետևելով օրենքի ամեն մի տառին ու շնչին, ի վերջո հայտնվեցի կյանքի հատակին, որտեղից ելնելը այնքան էլ հեշտ չէր: Սակայն հասկացա մի

ճշմարտություն. երբ երկրիդ օրենքները գրում ու պահպանում են գողերն ու ավազակները, հասարակ մահկանացուի համար, ով ընտրել է օրենքով ապրելու ուղին, այդ ուղին նրան կարող է տանել միայն չքավորության, թշվառության, բանտի կամ մահի դուռը…

1.05.2015 թ.

Ցույց տուր քո հերոսներին ու կասեմ ինչ ազգ ես:

7.05.2015 թ.

Ոչ ոք ու ոչինչ այնքան չի փչացնում ու կոտրում ազգի մարտական ոգին, որքան սոցիալական անարդա-րություններն ու կեղծ հերոսները:

9.05.2015 թ.

Իշխանությունները, որոնք հակադրում են սեփական շահերը իրենց ժողովրդի շահերին, վաղ թե ուշ խայտառակաբար կործանվում են։

19.05.2015 թ.

Բոլոր չարիքների պատճառը խելքի ու սիրո պակասությունից է։

21.05.2015 թ.

Իշխանավորի ներսում` պաշտոնյայի և մարդու միջև անընդհատ կռիվ է գնում, քանի դեռ կենդանի է մարդը։

21.05.2015 թ.

Լավ ձեռքերում պտերն էլ կծաղկի։

24.05.2015 թ.

Խելոք մարդը նրա համար է, որ լսեն իրեն, իսկ հիմարն էլ, որպեսզի ճանաչեն ու գնհատեն խելոքին։

25.05.2015 թ.

Նախանձությունը վարակիչ հիվանդություն է, որի համաճարակից կարող է և հեղափոխություն բռնկվել:

31.05.2015 թ.

Երբեմն թվում է թե մարդիկ ընդամենը գործիքներ են չարի ու բարու ձեռքերում: Պատահում է անգամ, որ նրանք ձեռքից ձեռք են անցնում: Բայց իրականում ահեղ պայքար է գնում չարի և բարու միջև ամեն մի մարդու հոգու համար և այդ պայքարը մարդիկ միամտաբար անվանում են «սեփական ընտրություն»:

2.06.2015 թ.

Սերը չարիք է դառնում, երբ կյանքդ կապում ես փուչ մարդու հետ։

12.06.2015 թ.

Սառն սուրճով ջերմ ընդունելությունը լավ է` տաք խորովածով սառն հյուրասիրությունից։

18.06.2015 թ.

Կյանքում ամենից բարձր վարձատրությունը՝ սեփական սխալների գինն է:

19.06.2015 թ.

Ճշմարտության ուղուց մեզ հեռացնողները, առաջին հերթին մեր արատներն են, այնուհետև՝ ուրիշների:

27.06.2015 թ.

Մարդիկ էլ են լինում դատարկ փուչիկների պես և սովորաբար պայթում են գոռոզությունից։

28.07.2015 թ.

Երանի խենթերին, որոնց խոսքերից ու արարքներից ոչ ոք չի նեղանում։

30.07.2015 թ.

Գժերի մեջ ապրել ու չգժվելը հերոսություն է, իսկ գժվելը` պարգև։

2.08.2015 թ.

Ով ոչինչ էր, դարձավ ամեն ինչ։ Բայց… բայց մնաց էլի նույն ոչնչությունը։

3.08.2015 թ.

Ինչքան փոքր է մարդուկը, հակառակը՝ այնքան ավելի բարձր դիրքի է ձգտում:

11.08.2015 թ.

Երազ կա հազար կյանք արժե, կյանք էլ կա մի երազ չարժե:

15.08.2015 թ.

Աստված լավ էլ հումորի զգացում ունի, թե չէ, չէր ստեղծի մահը:

18.08.2015 թ.

Ասիմիլյացիայի պարադոքսը կայանում է նրանում, որ բարձր ինտելեկտի ազգերն են ասիմիլացվում են ցածր ինտելեկտի ազգերի մեջ, քանի որ վերջիններս իրենց մտավոր ունակություններով ավելի դժվար են տիրա-պետում օտար լեզուներին ու սովորույթներին:

3.09.2015 թ.

Պաշտոնական աթոռի կռվում միշտ հաղթում է ավելի ստորաքարշը:

14.09.2015 թ.

Մարդու շրջապատը այն հողն է, որի վրա աճում ու ծաղկում է նա:

Եթե շրջապատումդ աղբ կա, փորձիր օգտագործել այն որպես պարարտանյութ:

21.09.2015 թ.

Ասում են. «Տաշած քարը գետնին չի մնա»: Չէ՛, սուտ է: Մնում է, մնում է ու շա՜տ երկար… Հիմա ախր անտաշ քարերի դարաշրջան է…

22.09.2015 թ.

Աստծո բոստանը, այսինքն երկինքը, քար նետողը այն իր գլխին է գցում:

24.09.2015 թ.

Կռվում պետք է հույս դնել սեփական ուժերի վրա, այլ ոչ թե թշնամուդ թուլության:

27.09.2015 թ.

Դրախտն այնտեղ է, որտեղ կա սեր, դժողքն այնտեղ՝ որտեղ բացակայում է սերը:

30.09.2015 թ.

Կյանքում ամենից դժվարը լավ մասնագետ, մեծահարուստ, հանրաճանաչ կամ անգամ երջանիկ դառնալը չէ: Ամենից դժվարը մարդ դառնալն է ու մարդ մնալը:

1.10.2015 թ

Մարդիկ քեզ ճանաչում են, երբ բարձրանում ես, իսկ դու ճանաչում ես մարդկանց՝ երբ ընկնում ես:

5.07.2015 թ.

Որոշ ազգեր դարերի ընթացքում մեր տարածքները յուրացրին, իսկ մենք էլ առայսօր փորձում ենք օտարների նշանավոր մարդկանց յուրացնել:

10.10.2015 թ.

20-րդ դարի ֆիզիկական «Էներգիայի պահպանման օրենքը» 21-րդ դարում իր տեղը զիջել է «Քաղաքական ռեժիմների պահպանման օրենքին»:

14.10.2015 թ.

«Տրոյական ձին» դրսից են բերում, իսկ էշը՝ ներսից:

15.10.2015 թ.

Ասա հեռախոսիդ զանգին ինչ երաժշտություն է դրած՝ ասեմ դու ով ես:

23.10.2015 թ.

Պաշտոնը` ոմանց համար զորեղ թևեր են: Օրինակ` տկար մողեսը պաշտոն ստանալուց հետո կարող է վիշապ դառնալ, ճնճղուկը` արծիվ, որդը` թիթեռնիկ…

24.10.2015 թ.

Անբան Հուռին էլ էր կարգին աղջիկ մինչ Ֆեյսբուք մտնելը, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի…

26.10.2015 թ.

Մի օրինաչափություն եմ նկատել: Հանրային ցանցերում, որ պաշտոնյայի ավելի շատ են հայհոյում, պախարակում, ժամանակի ընթացքում նրան ավելի բարձր պաշտոն են տալիս: Անհասկանալի է մնում միայն մի բան. նա ժողովրդի բացասական էներգիայի՞ց է լիցքավորվում, թե՞ վերադասները նկատելով նրա բացասական ռեյտինգը, ինադու ժողովրդի են առաջ քաշում:

30.10.2015 թ.

Հավից շատ իմացող ձվի վերջը ձվածեղն է:

3.11.2015 թ.

Հին աշխարհում, մարդկանց ստրուկների արյունալի խաղերով զվարճացնում էին ամֆիթատրոններում, իսկ հիմա ողջ աշխարհն են վեր ածել ստրուկների և արյունալի խաղերով ամֆիթատրոնի:

Զվարճացե՛ք, մարդիկ, սեփական արյունով:

15.11.2015 թ.

«Մարդուն «օդնոյից» կարելի է հանել, բայց «օդնոն» մարդուց ոչ»:

Ֆեյսբուքցիների ասացվածք:

16.11.2015 թ.

Կան մարդիկ, որոնց անպայման հարկավոր է լսել, բայց անել հակառակը:

19.11.2015 թ.

Ուզում եմ մի թռչող եկեղեցի հնարեմ, որ Հայաստանում շրջանից շրջան թռչի՝ մարդկանց հոգևոր պահանջների համար, «լյոտչիկն» էլ՝ տերտեր: Պատկերացնում ե՞ք, թե հետագայում որքան գումարներ ու ժամանակ կարելի է խնայել եկեղեցիների շինարարության համար: Ու մեկ էլ, կարելի է էդ թռչող եկեղեցով մեկ-մեկ մեր հակառակորդի սահմանամերձ տարածքներում իջնել, որ թուրքերը լեղաճաք թողնեն իրենց դիրքերն ու խուճապահար փախչեն:

Հա՛, բայց մի թերություն է ունենալու, խաչը պիտի գմբեթին հորիզոնական դիրքում ամրացնեմ… Սակայն, ոչինչ, վայրեջքից հետո կարող է էլի ուղղահայաց դիրք ընդունել:

20.11.2015 թ.

Չկա ավելի մեծ հաճույք՝ երբ թշնամիներդ են իրար ուտում ու չկա ավելի մեծ պատուհաս, երբ կհայտնվես նրանց արանքում:

28.11.2015 թ.

Սահմանադրական «բարեփոխումները» Հայաս-տանում «Խոզն ու ագռավի» առակն է հիշեցնում. կաղինը կերել են, հիմա էլ ծառի արմատներն են փորում:

30.11.2015 թ.

Ունևոր մարդիկ սովորաբար լինում են ագահ, անկուշտ և ժլատ, իսկ ագահությունը գալիս է սովորաբար նախանձությունից ու գոռոզությունից, նախանձությունը իր հերթին չտեսությունից, իսկ չտեսությունը՝ աղքատությունից: Այստեղ էլ փակվում է շրջանը:

Ունևորների ագահության և անկշտության պատճառը աղքատությունն է՝ հոգու աղքատությունն ու չափի ճանաչման բացակայությունը: Իսկ ինչը չափ ու սահման չի ճանաչում՝ անբարոյական է: Բայց դա դեռ չի նշանակում, որ բոլոր ունևոր մարդիկ ագահ են կամ անբարոյական:

Կյանքում միշտ էլ լինում են բացառություններ:

4.12.2015 թ.

Կյանքը հավասարում է բազմաթիվ անհայտներով, որի ձախ մասում մեր անցյալն է, իսկ աջ մասում՝ մեր ներկան: Որի ձախ մասում մեր ներկան է, իսկ աջ մասում՝ մեր ապագան: Ի՞նչ պիտի ասեինք, ի՞նչ պիտի անեինք, ու՞ր պիտի գնայինք և նմանապես բազմաթիվ անհայտներ բազմապատկվում են մեր բնավորության, գիտելիքների, ունակությունների և տարբեր անձնական հատկանիշների և միջավայրի պայմանների հետ և արդյունքում ստանում ենք այն, ինչ արդեն ունենք, ինչ կունենանք ապագայում:

Скачать книгу